Բրիտանական խորհուրդը «ReAnimania» անիմացիոն ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնին ներկայացնում է Էդինբուրգի ֆիլմերի միջազգային փառատոնի McLaren Awards-ին նոմինացված անիմացիոն ֆիլմերը:
Առաջին անգամ այս մրցանակը սահմանվել է 1990-ին և արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ այն տրվում է Միացյալ Թագավորության անիմացիոն արվեստի ոլորտում ստեղծարար և նորարար ֆիլմերի հեղինակներին: Մրցանակը սահմանվել է հանրահայտ շոտլանդացի անիմատոր Նորման Մքլարենի պատվին: Այս տարի լրանում է Նորման Մքլարենի 100-ամյակը: Այս առթիվ կազմվել է Մքլարեն-2014 ծրագիրը:
Հայաստանում ցուցադրվելիք ֆիլմերի հեղինակներն են BAFTA մրցանակակիր Մայք Փլիզը, Օտավայի փառատոնի գլխավոր մրցանակակիր Ստեֆըն Իրվինը, 33 տարբեր մրցանակների արժանացած «Stanley Pickle» ֆիլմի հեղինակ Վիկտորիա Մաթերը և այլք: